Քաղաքականություն

Հայաստանի կառավարության պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանության պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ փլուզվող աշխարհակարգում Հայաստանի անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականության հետ։

«Այս ընկալումից բխող առանցքային, գործնական խնդիրը, որքան էլ տարօրինակ հնչի, պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է, և կարևոր եմ համարում արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ։ Այս առումով կարևոր է նաև Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա խորացումը»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում