Քաղաքականություն

Պատգամավորը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա հարց, որը հնարավոր չլինի կարգավորել

3 րոպեի ընթերցում

Պատգամավորը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա հարց, որը հնարավոր չլինի կարգավորել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, դրսևորվել, սրել իրավիճակը և խնդիրներ ստեղծել, որոնք շատ հաճախ գոյություն չունեն, այդ մարդիկ և իրենց վարած քաղաքականությունը միանշանակ ձախողվելու են։ Դուք լսել եք, որ մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք և սա լսել եք ամենաբարձր մակարդակով։ Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Եթե ուշադիր հետևեք մեր տնտեսական ձեռքբերումներին, կտեսնեք, որ տնտեսական առումով բավականին դրական դինամիկայի մեջ ենք գտնվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2022 թվականին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանը բազմաթիվ հարցեր է բարձրաձայնել Ռուսաստանի առաջ, և այդ հարցերը թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկվել են։

«Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական առումով այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Բայց որևէ քաղաքական կտրուկ փոփոխության կամ վեկտորի փոփոխության առումով Հայաստանը որևէ տեղ չի գնում։ Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս»,- ընդգծեց նա:

Հակոբյանն ասաց, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք շատ հաճախ մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս:

«Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք և չշեղվենք անկարևոր բաների վրա»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել:

«Պետք է սթափ նայենք իրավիճակին։ Հայաստանի Հանրապետությունը այս բարդ և փլուզվող աշխարհակարգերի շրջանում գտնվում է բավականին լարված իրավիճակում, բայց նաև ուզում եմ նշել, որ մեր տնտեսական և այլ հաջողություններով կարողանում ենք իրավիճակը կայուն պահել նաև գործընկերների հետ հարաբերություններում»,- եզրափակեց Հակոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում