Քաղաքականություն

Ես իմ բոլոր քայլերի համար պատասխանատու եմ․ Շահրամանյանը հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Ես իմ բոլոր քայլերի համար պատասխանատու եմ․ Շահրամանյանը հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ, ներխուժեցին շենք՝ պահանջելով հանդիպում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության դադարեցման հրամանագիրը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Քիչ անց նրանց ընդունեց Սամվել Շահրամանյանը, ապա հանդիպումը շարունակվեց դրսում։

Դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին՝ Շահրամանյանը ասաց, որ շատ բան ունի ասելու, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության։

«Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչ-որ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այստեղ թշնամի չկա։ Ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր և ձեր ընտանիքների առաջ։ Իմ կայացրած որոշումներով ես պատասխանատու եմ բոլորի առաջ»,- ասաց Շահրամանյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունեն։

«Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել և քննարկել ցանկացած հարց»,- նշեց Շահրամանյանը։

Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական մարմինները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում