2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԼՂ-ում տեղի ունեցածին ի պատասխան ՄԱԿ-ի մինչև այս պահը տված արձագանքը համարում է չափազանց ուշ և քիչ, սակայն ՄԱԿ-ից վստահեցրել են, որ կլինի հայտարարություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին:
Պատգամավորն ընդգծեց, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության խումբը ԼՂ է մեկնել ուշացած, դրա գործունեության արդյունքում արվել է մի արձանագրում, որը վրդովմունք է առաջացրել: «Առաքելության դիտորդական խմբի մեջ եղել են Թուրքիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Պակիստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Այսինքն՝ ՄԱԿ-ը նախքան այդ դիտորդական խումբն ուղարկելն այս կազմի ձևավորման ընթացքում արդեն պետք է հասկանար, որ որևէ օբյեկտիվ դիտարկումներ չէին կարող լինել, հնարավորինս փորձ է արվել թաքցնել մեծագույն աղետը, էթնիկ զտումը»,-ասաց պատգամավորը:
Միրզոյանը ասաց, որ ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից: Տեղի են ունեցել նաև Անվտանգության խորհրդի նիստեր: «Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել: Այս մասին ևս բարձրաձայնել ենք: Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Մյուս կողմից, ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, ցավոք ուշացած, բայց այնուամենայնիվ, պետք է ցուցաբերեն արձագանք»,-ասաց Միրզոյանը:
Նախարարի տեղեկությամբ՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարություն է պատրաստվում: Միրզոյանին հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:
«Նաև, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարության հենց այդ գործակալության կողմից: Կսպասենք, կտեսնենք»,-ասաց նա: