Ռուսաստանն Ադրբեջանին խստորեն կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը խստորեն կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

ՌԴ ԱԳՆ մտահոգիչ է համարել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։

«Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Բնակչությունը սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս ունի, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար, ինչպես նաև վերականգնելու էներգամատակարարումը»,-ասված է հայտարարությունում:

ՌԴ արտաքին գերատեսչությունից նաև նշել են, որ 2022 թ. հոկտեմբերին և 2023 թ. մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացվող հանդիպումներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

«Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության սուվերեն որոշումը, բայց դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը: Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսական կողմը շեշտել է՝ այդ համաձայնագրի անբաժանելի մասը պետք են լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ փաթեթի խիստ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Ռուսաստանի ԱԳՆ-ից հավելել են՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է ԼՂ-ում բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր վճռականությունը։ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը՝ ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ այդ փաստաթղթի ստորագրման համար։

Հայերեն العربية English فارسی Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից