Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը Ֆրանսիայում կնշվի «Նռան գույնը» պարային բեմադրությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։ Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։ Այն կցուցադրվի նաև Երևանում:

Խաչատրյանը նշեց՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական պարային ներկայցման վրա սկսել են աշխատել 2021 թվականին: Նա ընդգծեց՝ փորձել են ներգրավել և՛ հայ, և՛ ֆրանսիացի մասնագետներ:

«Ինձ համար՝ իբրև հայ և իբրև արվեստագետ, շատ կարևոր էր, որ Փարաջանովի ստեղծագործությունը ներկայացվի այլ դիտանկյունից, հետևաբար խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է: Պարողներից 5-ը ֆրանսիայից են, 2՝ Երևանից: Թիմին միացել է «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, և Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ:

Նախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։

«Ներկայացումն ունի և՛ ՀՀ-ի, և՛ Ֆրանսիայի աջակցությունը, որը խոսում է Ֆրանսիայում հայկական մշակույթը բարձր գնահատելու, կարևորելու և հայերին արժևորելու մասին: Սա փաստում է, որ Ֆրանսիան՝ մեր բարեկամ երկիրը, մեր կողքին է ոչ միայն դժվարին պահերին, այլև մեր մշակույթը հանրահռչակելու, մեզ իր հարգանքը մատուցելու հարցում»,- ասաց Սաթէ Խաչատրյանը:

Ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին նշեց՝ իր համար մեծ մարտահրավեր է խոշոր արվեստագետին ճիշտ ներկայացնելը:

«Պարը համընդհանուր, համամարդկային լեզու ունի և ես հույս ունեմ, որ այս ներկայացումը հնարավորություն կտա այս խոշոր արվեստագետի ստեղծագործությունը ներկայացնել ամբողջ աշխարհին հասկանալի լեզվով: Բնականաբար սա ներկայցում է, որը ներշնչված կլինի իրենից, որոշ պարերով կտեսնեք հենց իր ձեռագիրը և ես մեծ հույս ունեմ, որ այս ներկայցումից հետո հանդիսատեսը ցանկություն կունենա ճանաչելու, կամ, ովքեր ճանաչում են, ավելի լավ բացահայտելու Փարաջանովին և նրա ստեղծագործությունները»,- նշեց Մերզուկին:

«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA