Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ՌԴ խաղաղապահ զորախումբը. Հովհաննիսյան
2 րոպեի ընթերցում
![Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ՌԴ խաղաղապահ զորախումբը. Հովհաննիսյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1113426.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը խոսել է և ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ՝ նաև Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքի առիթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Նա տեղեկացրեց, որ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա:
«Մեր արտաքին գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսել ենք և ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները ոչ մեկ անգամ են հնչեցրել: «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։ Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է: Եվ, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ խոսակցություն տեղի ունենում է: Թե ինչ կոնտեքստում և ինչ արդյունքներով, կխոսի ԱԳՆ-ն»,-նշեց պատգամավորը:
Հակարիի կամրջին տեղի ունեցածը Հայաստանը գնահատում է որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները, բայց հայկական կողմը շարժվելու է իր քաղաքականությամբ և ամեն բան անելու է՝ զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը նաև միջազգային բոլոր գործընկերների ճնշման միջոցով:
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկածմիջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր: