Սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով. փորձագետի գնահատմամբ՝ գնաճի տեմպը կշարունակի դանդաղել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի դանդաղում, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3 տոկոս (2023-ի մայիսը 2022-ի մայիսի նկատմամբ), իսկ այս տարվա ապրիլի համեմատ նկատվել է 1.8 տոկոսով նվազում: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին ևս գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ նվազել են 2.1 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով: Սննդամթերքի գները մայիսին նվազել են նաև նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատությամբ՝ 4.2 տոկոսով:

Իսկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել են 7.8 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 6.2 տոկոսով:

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հացի գինը աճել է 0.2 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: 2023-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են 12 տոկոսով, բրնձի գինը նվազել է 7.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 4.1 տոկոսով: Ձվի գինը, սակայն, նույն ժամանակահատվածում աճել է 18.9 տոկոսով, կարագինը նվազել է 2.9 տոկոսով, շաքարի գինը նվազել է 6.6 տոկոսով, իսկ մսի գինն աճել է 5.8 տոկոսով, ձիթապտղի յուղի գինը՝ 3.3 տոկոսով:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանն այն կարծիքն է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

Անդրադառնալով գնաճի թուլացման պատճառներին՝ Բեջանյանը կարևորեց առաջնահերթ ուշադրություն դարձնել նախորդ տարվա բազային: «Նախորդ տարի մենք բավականին բարձր գնաճի ցուցանիշ ենք ունեցել: Եվ այս տարվա համեմատաբար կայուն միջազգային, կայուն տնտեսական զարգացումների արդյունքում նախորդ տարվա բարձր բազայի վրա այս տարվա գնաճի տեմպն ակնկալվում է, որ կլինի ավելի ցածր: Այդ ակնկալիքն ավելի հիմնավորվում է, երբ տեսնում ենք նվազման միտումը, որը ոչ թե անկախ վարքագիծ է դրսևորում, այլ ամսեամիս կանոնավոր նվազում է արձանագրվում: Եվ մենք ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կշարունակենք այդ գործընթացին ականատես լինել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բեջանյանը:

Գնաճի ձևավորման գործում զգալի դերակատարում ունի նաև փոխարժեքի գործոնը: Եվ, ըստ փորձագետի, քանի որ արտարժույթը կայունացել է բավականին ցածր փոխարժեքի մոտակայքում, սա հիմք է հանդիսացել, որ այս տարվա արդյունքներով լինեն ավելի մեղմ գնաճային ակնկալիքներ, քան արձանագրվել է նախորդ տարվա ընթացքում:

Ընդ որում, գնաճի տեմպի դանդաղմանը զուգահեռ փորձագետն այս տարվա արդյունքներով սպառողական պահանջարկի կրճատում չի նկատում, ընդհակառակը՝ պահպանվել է և որոշակիորեն ակտիվացել՝ հատկապես զբոսաշրջիկների թվի ավելացմամբ պայմանավորված: Այս պահանջարկի պահպանումը ևս պատճառ է եղել գնաճային միջավայրի որոշակի կայունացման համար:

«Քանի որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք բավականին բարձր գնաճային միջավայր, ապա այս տարվա արդյունքներով շարունակելու ենք այդ նվազումն արձանագրել, որն ի վերջո կհանգեցնի գնաճի՝ բնականոն մակարդակի թիրախավորման: Այս տարի առաջիկա ամիսներին գնաճի տեմպը դեռևս կշարունակի դանդաղել, տարեվերջին գնաճի միջին ցուցանիշը, կարծում եմ, մոտ կլինի թիրախային մակարդակին»,-ասաց Բեջանյանը:

Իսկ հաջորդ տարիների համար հնարավոր կլինի գնահատումներ անել՝ կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ գործոններ ի հայտ կգան:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ գնաճն ապրիլին եղել է 3.2 տոկոս, մարտին՝ 5.4 տոկոս:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին