Տնտեսություն

Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ Ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձիցգնումներկատարելու դեպքերը նվազել են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար` այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։

«Պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք ոչ մրցակցային գնումների մասին, այստեղ մի մեծ զանգված է այնպիսի ծառայությունների գնումը, որոնք ունեն մեկ մատակարար, օրինակ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում