«Մի անգամ դպրոցում» ֆիլմի սցենարը լավագույնն է ճանաչվել միջազգային կինոփառատոնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման վրա: «Որպեսզի սցենարը նման մրցանակի արժանանար, ֆիլմը պետք է կայանար, ունենար հաջողություն, որից հետո այն կարող էինք ուղարկել փառատոնների, մրցույթների: Հաղթանակն ամբողջ թիմինն է, և ես շնորհակալ եմ նրանց, ում աջակցությամբ այս պատմությունը տեղ է հասել, հուզել է մարդկանց»,-շեշտեց Ավագյանն ու հավելեց՝ ֆիլմն առաջիկայում կարող են նաև այլ մրցույթների և փառատոնների ներկայացնել:

Ավելի վաղ Ավագյանը պատմել էր, որ կինոնկարը ոչ թե հենց դպրոցին է անդրադառնում, այլ դպրոցի միջոցով բարձրաձայնում է խնդիրներ, որոնք, ըստ իրենց, առկա են մեր իրականությունում: «Խոսքը երիտասարդների արժեքների, նրանց՝ հերոսների ընկալման մասին է: Ֆիլմի խնդիրն է ընդգծել, որ երեխաները հերոսների կարող են փնտրել գրքերում, ոչ թե սոցցանցերում: Հերոս է այն մարդը, որն ունի բարձր արժեքներ, կարողանում է լուծել խնդիրներ, միայն ուժեղ տղա չէ, այլև արդարամիտ մարդ բոլորի նկատմամբ»,-նշել էր Ավագյանը:

Կինոնկարում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը: Ներկայացվում են հայ և համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք ծանոթ են հանրության լայն շրջանակին և ընկալելի բոլորի համար:

Հանդիսատեսը կարող է տեսնել ուսուցիչների, աշակերտների ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:

Ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք: Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը և ուրիշներ:

«Մի անգամ դպրոցում» կինոնկարը Տիգրանի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ ի հայտ եկած թաքնված չարագործից։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել