Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորը իշխանությանը մեղադրեց 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ

2 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պատգամավորը իշխանությանը մեղադրեց 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իշխանությանը մեղադրեց 2018-ին իր տված խոստումները չկատարելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Թևանյանը նշեց՝ 2018-ի փոփոխություններից հետո մարդկանց սպասումները չեն իրականացել: Պատգամավորը կարծում է, որ գործող իշխանությունը բարեփոխումներ չի իրականացրել:

«Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկը 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը»,-ասաց Թևանյանը:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»: Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով: Նա դրամի արժևորումը համարեց այդ «թալանի» տարատեսակներից:

«Էժան դոլարից վնասվում են արտահանողները, ՏՏ ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումար ստացողները: Մարդիկ և դոլարը մանրելիս են «գրպանահատության» ենթարկվում, և դրամով թանկ ապրանք գնելիս: ԿԲ-ն վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ: ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ, և այդ գործիքներով չպետք է թույլ տար այսպիսի «թալան» »,-ասաց Թևանյանը:

Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին ղեկավարի սխալները: Պատգամավորը իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում