Քաղաքականություն

Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Փաշինյանը վստահեցնում է՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

3 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Փաշինյանը վստահեցնում է՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկություններին՝ նա ասաց. «Դրանք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական մի բլոկբաստեր: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ:

Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը հետևյալն է՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»:

Վարչապետը հույս հայտնեց, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:

Ավելի վաղ Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Մինչ Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունն էլ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում էին ադրբեջանական բանակի կողմից նոր բարձունքների և ճանապարհների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում