Մշակույթ

Համագործակցության առաջարկներ, նոր փառատոններ. Երևանի կամերային թատրոնը ոգևորված է վերադարձել Իրանից

4 րոպեի ընթերցում

Համագործակցության առաջարկներ, նոր փառատոններ. Երևանի կամերային թատրոնը ոգևորված է վերադարձել Իրանից

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կամերային պետական թատրոնն օրերս մասնակցել է Իրանում անցկացվող «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնին՝ տեղի թատերասերներին ներկայացնելով Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը՝ Արա Երնջակյանի բեմադրությամբ:

Ներկայացումը խաղացել են երկու անգամ՝ լեփ-լեցուն դահլիճներում: Այն շատ լավ է ընդունվել: Այդ են փաստել բուռն ծափողջույններն ու «բրավո» վանկարկումները: Ներկա են եղել ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը նշում է՝ երկրորդ անգամ են մասնակցում «Ֆաջր» փառատոնին: Հրավերն ստացել են նախորդ տարի, սակայն տեխնիկական պատճառներով չեն մասնակցել: 2023-ին Իրան են մեկնել մեծ կազմով:

«Ընտրեցինք «Համլետ» ներկայացումը, որովհետև Շեքսպիրի ստեղծագործություններին քաջածանոթ են աշխարհի բոլոր երկրներում: Չնայած հայերեն էինք խաղում՝ հանդիսատեսն այն ընկալում էր: Բացի այդ, ներկայացումն ուղեկցվում էր պարսկերեն ենթագրերով»,-ասում է Երնջակյանն ու հավելում, որ Իրանում հանդիպել են «Դրամատիկական արվեստների կենտրոն»-ի (Dramatic Arts Center) նախագահի հետ, մարդու, որը կարգավորում է Իրանում անցկացվող փառատոնները: Նա վարպետաց դասերի, հայ-իրանական համատեղ բեմադրությունների առաջարկով է հանդես եկել: Առաջարկները դեռ քննարկման փուլում են:

Թատրոնը սիրով է ընդունել նաև «Համլետ»-ը Ռուսաստանում խաղալու առաջարկը: Մայիսին այն կներկայացնեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնին:

Լուսինե Երնջակյանի խոսքով՝ կան ներկայացումներ, որոնք տարբեր երկրներում խաղալիս ադապտացիայի են ենթարկվում, սակայն «Համլետ»-ի պարագայում նախնական բեմադրությանը գրեթե չեն միջամտում, քանի որ այն ունի հստակ կառուցվածք, ասելիք, սակայն Իրանում խաղալիս զգեստներն են փոփոխել, որոշ տեսարաններ: Դերասանուհիները կրել են գլխաշորեր, սահմանափակել են պարային շարժումները: «Առաջին հայացքից որոշ փոփոխություններ խորթ թվացին, բայց հետո շատ հետաքրքիր էր: Ներկայացման մեջ Համլետի և Օֆելիայի պարի գեղեցիկ տեսարան կա: Այն ստիպված փոփոխեցինք, սակայն այն լուծումը, որը գտանք, ևս շատ հետաքրքիր էր»,-պատմում է Երնջակյանը:

2022-ին Երևանի կամերային պետական թատրոնը տոնեց 50-ամյա հոբելյանը, որի շրջանակներում կազմակերպվեցին ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, մրցանակաբաշխություններ, նոր ներկայացումներ: 2023-ին թատրոնը ևս ակտիվ գործունեություն կծավալի: Տարվա առաջին առաջնախաղը տեղի կունենա փետրվարի 7-ին:

«Դահլիճի վերանորոգման պատճառով ներկայացումները տեղափոխել ենք թատրոնի պատկերասրահ: Մենք երբեք ոչինչ չենք անում ստիպված. նույնիսկ այդ պարագայում հետաքրքիր լուծում գտանք, ու ծնվեց նոր ներկայացում, որը կխաղանք պատկերասրահի սեղանների շուրջ մեկ գավաթ շամպայնի ուղեկցությամբ, գեղեցիկ երաժշտությամբ ու ռետրո մթնոլորտում հանդիսատեսին կտեղափոխենք 30-ական թվականներ: Շատ ոգևորված ենք. նոր ձևաչափ է, որով դեռ հանդես չենք եկել, սակայն մենք սիրում ենք խենթություններ ու անակնկալներ»,-շեշտում է թատրոնի տնօրենն ու տեղեկացնում, որ նոր ներկայացումը կոչվում է «Ֆերում շոու»: Ռեժիսորը Լուսինե Երնջակյանն է, նրան աջակցել է թատրոնի դերասան Սենիկ Բարսեղյանը:

Անդրադառնալով թատրոնի երկրորդ դահլիճի բացմանը, որի մասին հայտնել էին թատրոնի հոբելյանին՝ Լուսինե Երնջակյանն ասում է՝ դահլիճը լիարժեք պատրաստ չէ, սակայն իր դռները թատերասերների առաջ կբացի յուրահատուկ միջոցառմամբ:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում