Տնտեսություն

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում նախորդ տարի գնել են ավելի քան 1900 անշարժ գույք. ինչ գներ են վարձակալության շուկայում

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, իրականացված գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները:

Նախորդ տարի աննախադեպ ակտիվություն է նկատվել վարձակալության շուկայում, Երևանում, օրինակ, վարձակալության գործարքներն ավելացել են մոտ 10 տոկոսով, անշարժ գույքի գործակալությունում արձանագրել են բնակարանների վարձակալության գների մոտ 100 տոկոս աճ, ինչը, սակայն, վերջին 2 ամսում որոշակիորեն նվազել է, օտարերկրյա վարձակալների մի մասը հեռացել է, բնակարաններն ազատվում են:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից՝ 2022 թվականից հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204 հազար 910 գործարք, ինչը 2021-ի 201 հազար 563 գործարքի համեմատ աճել է 1.7 տոկոսով:

2022 թվականին իրականացվել է առուվաճառքի 52 հազար 928 գործարք, ինչը 5.6 տոկոսով նվազել է 2021-ին գրանցված 56 հազար 44 գործարքի նկատմամբ: Թեև առուվաճառքի գործարքներն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն բնակարանների առուվաճառքի գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 3 տոկոսով՝ կազմելով 17 հազար 84: 4936 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի գործարքների 9.3 տոկոսը:

2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավել 2021-ի համեմատ և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավել 2021-ի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավել է 2021-ին գնած բնակարանների համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ:

Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել և վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ի վաճառվածները: Այնուհետև ամենաշատ թվով գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը:

Իսկ ինչ վերաբերում է վարձակալություններին, ապա նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարձակալության 10 հազար 638 գործարք, ինչը 2021-ի 11 հազար 432 գործարքի համեմատ նվազել է 6.9 տոկոսով: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները՝ 1761, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.9 տոկոսով, ավելացել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների վարձակալության գործարքները՝ կազմելով համապատասխանաբար 950 և 4736: Սակայն, օրինակ, Երևան քաղաքում վարձակալության գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 9.7 տոկոսով՝ կազմելով 5957:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ վերջին տարիներին անշարժ գույքի շուկան բավականին ակտիվ է: Սակայն նախորդ տարի, ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված, երկու փուլով Հայաստանում Ռուսաստանից մեծ հոսք է նկատվել ու վարձակալության գործարքների մեծ ակտիվություն, և, հետևաբար, վաճառքի ու վարձակալության գների բարձրացում: Նախորդ տարեսկզբին, չնայած վատատեսական սպասումներին, մեծ քանակությամբ հաճախորդներ են եղել:

«Մենք վատատեսական սցենարի էինք պատրաստվում, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ի վրա դրված սահմանափակումների հետևանքով մեծ քանակությամբ մարդկանց ներհոսք սկսվեց, ավելի շատ ՏՏ ոլորտի ընկերություններից էին գալիս, զանգում, դիմում: Սկսեցին տեղափոխել բիզնեսները՝ աշխատակիցների հետ միասին»,-ասաց գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

Դրանք հիմնականում ընկերություններ են, որոնց աշխատանքը Եվրոպայի, Ամերիկայի հետ է: Վարձակալությամբ տրվեցին բավականին մեծ քանակությամբ կոմերցիոն տարածքներ և բնակարաններ: «Եթե, օրինակ, 50 հոգանոց ընկերությունը տեղափոխվում էր Հայաստան, վարձում էին մի մեծ գրասենյակ ու մոտ 50 աշխատակցի համար՝ 50 բնակարան: Վարձակալում էին առնվազն 1 տարի ժամկետով»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ արդյունքում բնակարանների վարձակալության գները բարձրացան մոտ 100 տոկոսով:

Եղել են դեպքեր, երբ տան տերը ցանկացել է բնակարանի վարձակալության գինը կտրուկ բարձրացնել: Գործակալությունը ևս շատ դեպքերում փորձել է հիշեցնել, որ պայմանագրային պարտավորություններ ունեն և իրավունք չունեն գինը բարձրացնել: Մարդիկ են եղել, որոնք ընդունել են, դեպքեր են եղել, երբ խզել են պայմանագիրը, որ բնակարանն ավելի թանկ գնով վարձով տան:

Գործակալության տնօրենի խոսքով՝ Հայաստան հոսքի և վարձակալության գործարքների ակտիվության երկրորդ ալիքը սկսվել է սեպտեմբերին, երբ Ռուսաստանում զորակոչ հայտարարվեց: Սակայն, եթե մինչև սեպտեմբեր ամիսը Հայաստան գալիս էին 80 տոկոս դեպքերում բիզնես գործունեության համար, վարձակալում էին կոմերցիոն տարածքներ, ապա սեպտեմբերից եկել են ավելի շատ ոչ թե ընկերություններ, այլ ֆիզիկական անձինք, անհատներ: Անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ նրանք հիմնականում բնակարաններ վարձել են 3-6 ամիս ժամկետով, առավել հաճախ՝ 3 ամսով: Սակայն նույն ժամանակահատվածում ռուս գնորդներ շատ չեն եղել, ավելի շատ բնակարաններ են գնել Ռուսաստանի հայերը:

«Նախորդ տարի ռուս գնորդներ թեև քիչ, սակայն եղել են: Նախորդ տարիներին Ռուսաստանից ազգությամբ հայ գնորդներ եղել են, սակայն ռուս գնորդներ գրեթե չեն եղել: Այսինքն՝ 2022 թվականը աննախադեպ էր, նման տարի չէինք ունեցել»,-ասաց Դանիելյանը:

Վարձակալության գների բարձրացումն իր ազդեցությունն է ունեցել վաճառքի գների բարձրացման վրա նույնպես: Վահե Դանիելյանը նկատել է, որ 2022-ի ընթացքում մոտ 50 տոկոսով աճել են անշարժ գույքի վաճառքի գները: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, բացատրում է մի քանի գործոնով. «Մեր տեղացի սեփականատերերի մի մասն ուղղակի վաճառքից հանեց իր գույքը, քանի որ կարող էր բարձր գնով վարձակալությամբ տալ: Բացի այդ, պահանջարկը մեծացավ, մարդիկ տեսան, որ կարող են բնակարան ձեռք բերել ու շատ լավ գնով վարձով տալ, որի եկամուտը կծածկի հիփոթեքի տոկոսները: Այսինքն՝ պահանջարկը մեծացավ, առաջարկը նվազեց, որն էլ տրամաբանորեն բերեց գների աճին»:

Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակին՝ գործակալության տնօրենն ասաց, որ բնակարանների վաճառքի համար 2022-ի ընթացքում բարձրացած գները պահպանվում են: Նույնը, սակայն, չի կարելի ասել վարձակալության մասին: «Վարձակալության շուկան արդեն 1-2 ամիս է, նվազում է: Եթե այս տեմպը շարունակվի, գները կհավասարվեն այն մակարդակին, որը եղել է մինչև 2022 թվականի սկիզբը»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերից հետո եկած խմբի մեծ մասը հետ է գնացել, բնակարանները ազատվում են:

Դանիելյանը նաև միջին թվեր ներկայացրեց: Փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության գինը հիմա սկսվում է 300 հազար դրամից: Ընդ որում, սա արդեն իջած գինն է, 2022-ի ընթացքում այն հասել է 400-450 հազարի, իսկ մինչև այդ շրջանը վարձակալության գները Փոքր կենտրոնում սկսել են 180 հազարից: «Արդեն 2 ամիս է, մեզ ամեն օր զանգահարում են, ասում, որ բնակարանն ազատվել է, խնդրում են նոր հաճախորդ գտնել: Գները նվազում են, քանի որ շուկայում առաջարկը մեծանում է, ազատ բնակարանները շատանում են, իսկ վարձակալողները քչացել են»,-ասաց Դանիելյանը:

Վաճառքի գները, սակայն, պահպանվում են 2022-ին բարձրացած մակարդակում: Գործակալությունում նկատել են՝ Փոքր կենտրոնում քառակուսի մետրը միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար է, նորակառույցներում քառակուսի մետրի գինը հասել է 5000 դոլարի, պանելային հին շենքերում՝ օրինակ 1700-1800 դոլար, դա կենտրոնի համար նվազագույն գինն է: Իսկ, օրինակ, Զեյթունում բնակարանի քառակուսի մետրի գինը սկսվում է 1300 դոլարից: Դանիելյանը նշեց՝ եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված՝ նորակառույցներում ակտիվություն է: «Մարդիկ, երբեմն, նույնիսկ անկախ նրանցից՝ բնակարանը պետք է, թե ոչ, գնում են, քանի որ մտածում են, որ գները բարձրանում է, կկարողանան հետո թանկ գնով վաճառել կամ բարձր գնով վարձով տալ»,-ասաց նա:

Վաճառքի գներն այս պահին դեռ չեն նվազում: Բայց, եթե վարձակալական գների անկումը երկար շարունակվի, Դանիելյանը չի բացառում, որ այն իր ազդեցությունը կունենա վաճառքի գների վրա:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը, սակայն, չի շտապում շուկայի վերաբերյալ կանխատեսումներ անել, դա բավականին բարդ գործ է, քանի որ պայմանավորված է թե մեր տարածաշրջանում տեղի ունեցող, թե Ռուսաստանի հետ կապված իրադարձություններով: «Մեր շուկան շատ զգայուն է: Անշարժ գույքը կենսական անհրաժեշտություն չէ: Մարդիկ շատ դեպքերում ձեռք են բերում՝ ներդրում կատարելու համար, ոչ թե բնակվելու: Եվ քաղաքական, տնտեսական դաշտում ամեն փոքր փոփոխությունը մեծ ազդեցություն է ունենում շուկայի վրա»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, գործակալության տնօրենը կարծում է, որ, եթե անգամ վերոնշյալ հանգամանքները չլինեին, միևնույն է, բնակարանների վաճառքի գները 2022-ին որոշակիորեն բարձրանալու էին:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում

Հզոր հայրենիք կերտելու պատգամով. մաեստրոն հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ. Դավիդ Վեյցման

Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դեսպան Էնդրյու Թըրներ