Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից:

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը.

«Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը, և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում