Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները

2 րոպեի ընթերցում

Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքների հարցով շրջանառվող բանաձևը կասկածի տակ է դնում Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու հանգամանքը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում հունվարի 19-ին քվեարկվելու է նախորդ օրը քննարկված բանաձևը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված:

«Այն տեքստը, որն այս պահին առկա է որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ: Առաջին հերթին՝ այս պահին շրջանառվող տեքստի տարբերակում ԵԽ-ն կասկածի տակ է դնում «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու տարբերակը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը»,-ասաց Մամիջանյանը:

Բանաձևում շեշտվել է նաև այն փաստը, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է:

Պատգամավորը ընդգծեց նաև այն փաստը, որ բանաձևում նշվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մասին՝ նշելով այդ սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման մասին: «Շրջանառվող բանաձևում դա հստակորեն նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը»,-նշեց պատգամավորը:

Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկումը տեղի է ունեցել հունվարի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում