Հետաքրքիր պայքար էր, մրցակիցները միմյանց չէին թերագնահատում. Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանն ընդգծում է, որ առաջնությունն անցել է հետաքրքիր պայքարում. Հայաստանը ներկայացնող շախմատիստն այն կարծիքին է, որ առաջնության ընթացքում մրցակիցները չէին թերագնահատում միմյանց:
«Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները: Մինչ մրցաշարի մեկնարկն էլ գիտեի, որ նման հնարավորություն քիչ է լինում, և սա էլ առիթ է մրցելու մեծագույն շախմատիստների հետ, ինչպիսիք են Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին: Ինձ կայծակնային շախմատը շատ հոգեհարազատ է. ես էլ լավ էի նախապատրաստվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով մրցաշարի ընթացքին՝ Մարտիրոսյանը շեշտեց, որ թեպետ մեկնարկային տուրում ինքը պարտություն էր կրել, սակայն հաջորդող տուրերում տարած հաղթանակներն օգնել են դառնալ առաջատարներից մեկը:
«Այս առաջնությունում պայքարն իսկապես հետաքրքիր էր: Եվ ակնհայտ էր, որ շախմատիստները չէին թերագնահատում մրցակիցներին»,-ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով` շախմատային էլիտայի համար էլ էր առանձնահատուկ այն, որ երրորդ տեղը զբաղեցնող շախմատիստը լավագույն տասնյակի ներկայացուցիչներից որևէ մեկը չէ:
Հայկ Մարտիրոսյանը բաց կթողնի Հայաստանի առաջնությունը, քանի որ արդեն իսկ ապահովել է իր տեղը ազգային թիմում:
Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է զբաղեցրել կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Ղազախստանի Ալմաթի քաղաքումավարտվածկայծակնայինշախմատիաշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսել է 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավել է երրորդ տեղը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքել է 16 միավոր: