Քաղաքականություն

Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել եւս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց Փաշինյանը։

Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում