Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե խաղաղության շրջանակային պայմանագիր կնքելու դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու

2 րոպեի ընթերցում

Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե խաղաղության շրջանակային պայմանագիր կնքելու դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության քարտուղարԱրթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում, հնարավոր է՝ դժվարություններ ունենալ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին է, որ դետալային հարցերի շուրջ Ադրբեջանի հետ այս պահին պայմանավորվածություն ձեռք բերելու դժվարությամբ պայմանավորված՝ գործընթացները ձգձգվում են, ինչն իր հետ բերում է նաև ընդհուպ մինչև էսկալացիայի ռիսկեր: Ու մենք նման առաջարկով ենք հանդես եկել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ շրջանակային պայմանագրում պետք է ֆիքսվեն կարմիր գծերը և ընդհանուր խնդիրները, ինչի հիմքի վրա հնարավոր է առաջ շարժվել:

«Սա առաջարկ է, որը մեր կողմից է հնչել: Մենք դեռ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացն ինչ զարգացում է ունենալու և ըստ այդմ՝ առաջ շարժվենք: Կարմիր գծերը ֆիքսել ենք. մենք ասել ենք, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է: Ըստ էության՝ դա ինքնին արդեն նշանակում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:

Եվ մենք փորձում ենք փորձել հնարավորինս ճկուն լինել՝ հասցեագրելով խնդիրները բանակցային գործընթացում, և առաջ շարժվել: Բնականաբար, նաև փորձում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն ակնկալելով՝ նվազեցնել հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում էսկալացիայի ռիսկը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում