Քաղաքականություն

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ

2 րոպեի ընթերցում

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հայտնեց, որ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաև՝ երրորդ երկրների քաղաքացների համար սահմանի բացման վերաբերյալ:

«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Եվ կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում