Քաղաքականություն

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին

2 րոպեի ընթերցում

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։

ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։«Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում