ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել ենՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանկողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելուհարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ՝ Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նախկինում ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին, որի համաձայն՝ այն անցել էր նաև Հայաստանի տարածքով:
Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ:
Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով: