Քաղաքականություն

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում ասվում է.

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։

Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։

Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում