Քաղաքականություն

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից:

Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը:

«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։

«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում