Քաղաքականություն

Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. ՀՀ ԱԺ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. ՀՀ ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասաց, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն մեր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ:

«Մասնավորապես ԵՄ-ի մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի արձագանքներն առավել քան հասցեական էին, առավել քան մանրամասն էին»,-ասաց Եղոյանը:

Նա համոզված է, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր: Պատգամավորը միջազգային մյուս գործընկերներին կոչ արեց հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին:

«Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիա զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ»,-ասաց նա՝ հորդորելով պահել միջազգային ճնշման մակարդակը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում