«Մետալ Գոլդ» ընկերությունն անցկացրեց հանրային լսումներ՝ Գլաձորի հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Գլաձոր բնակավայրին պատկանող տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության մեջ փոփոխություն իրականացնելու համար «Մետալ Գոլդ» ընկերությունը պետք է իրականացնի տեխնոլոգիական փորձարկումներ, որը հանգեցնելու է տարածքից որոշակի քանակով օգտակար հանածոյի հանույթի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրագործումը հանգեցնելու է շրջակա միջավայրի փոփոխության, ինչի նպատակով օրենքով սահմանված կարգով հաջորդ քայլը հանրային լսումներ իրականացնելն է: Եղեգնաձոր քաղաքում հանրային լսումները կազմակերպել է «Մետալ Գոլդ» ընկերությունը ՝ բնակիչների հետ կարծիքների և մտքերի փոխանակության համար։

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը ենթադրում է հանքաքարի ուսումնասիրություն և այնտեղից բոլոր մետաղների առավել օպտիմալ կորզում: Ըստ մասնագետի՝ վերջին փորձարկումները կատարվել են մոտավորապես 50 տարի առաջ:

«Խոսքը գնում է ընդհանուր առմամբ մինչև 2000 խորանարդ մետր հանածոյի արդյունահանման մասին: Սա արդյունահանման փուլը չէ, սա ուսումնասիրության փուլ է: Իհարկե, ցանկացած գործունեություն ենթադրում է շրջակա միջավայրի աղտոտում, բայց այդ վնասները գոնե այս փուլում կառավարելի են. առաջնայինը կգնահատվեն բոլոր ազդեցությունները ջրի, օդի և հողի վրա, կմշակվեն այդ ազդեցությունը մեղմող միջոցառումներ: Հետագայում, եթե այս բոլոր փորձարկումները տվեցին դրական արդյունքներ, ընկերությունը կդիմի արդյունահանման թույլտվություն ստանալու համար»,-ասաց մասնագետը:

Հանրային լսումների ընթացքում հնչեց կարծիք, ըստ որի ծրագիրը, ինչպես նաև դրանում փոփոխություն իրականացնելու թույլտվություն ընկերությունը չունի:

Հակադարձելով հնչած կարծիքին՝ «Մետալ Գոլդ» ընկերությունից նշում են, որ ունեն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն: Երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ծրագրի փոփոխություն հնարավոր է իրականացնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն: «Տվյալ իրավունքը ունեցող ցանկացած ընկերություն կարող է փոփոխություն կատարել ծրագրում: Յուրաքանչյուր ծրագրի փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարելուց հետո, հետևաբար ընկերությունը մինչ փոփոխություն կատարելը կազմակերպել է օրենսդրությամբ նախատեսված հանրային քննարկումներ»,-ասաց «Մետալ Գոլդ» ընկերության երկրաբանության գծով տնօրենի տեղակալ Արամ Օսիկյանը:

Ըստ գյուղի բնակիչ Արմեն Ադամյանի՝ հանքի շահագործումը մեծ հնարավորություն է համայնքի զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:

Ինչպես տեղեկացրեցին ընկերությունից, որը նաև վերահաստատվեց բնակիչների հետ քննարկման ընթացքում, տևական ժամանակ է «Մետալ Գոլդ» ընկերությունը փորձում է հանրային լսում անցկացնել, որը չեղարկվում է անհիմն պատճառներով։ Այս անգամ էլ պատճառաբանելով Հանրապետությունում հայտարարված սգո օրը՝ կազմակերպիչները նպատակահարմար չհամարեցին քննարկում իրականացնել։ Մասնակիցների մոտ դժգոհության ալիք բարձրացավ։ Պահանջելով պատկան մարմինների ժողովի պարտադիր անցկացումը՝ մասնակիցները գրեթե 2 ժամ սպասեցին լիազորված մարմնին, որից հետո հանրային լսումը կայացավ, և համայնքի բնակիչները ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքները։

Հանրային քննարկման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ: Խոշորացված համայնքի գյուղացիները ներկայացրեցին նաև իրենց բողոքները և մտահոգությունները, որոնք արձանագրվեցին ու կկցվեն փոփոխության գործընթացի ընթացակարգին:

Հայերեն Español

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան