Սպորտ

Բասկետբոլի ֆեդերացիան փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը տրամաբանական է համարում

2 րոպեի ընթերցում

Բասկետբոլի ֆեդերացիան փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը տրամաբանական է համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած հաղթանակը տրամաբանական է համարում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

«Եվրոպայի առաջնությունից առաջ Երևանում կայացած միջազգային մրցաշարը ցուց տվեց, որ Հայաստանի հավաքականը կարող է կավ արդյունքներ գրանցել: Մալթայի գրանցված արդյունքը տրամաբանական էր և սպասելի: Ռեքս Կալամյանը խնդիր էր դրել թիմի առաջ` հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասաց նա:

Նազարյանը շեշտեց, որ, ճիշտ գնահատելով հավաքականի ներուժը և պետության հնարավորությունները, ֆեդերացիան կմտածի հետագայում այլ մակարդակի մրցաշարերի մասնակցելու մասին:

«Ռեքս Կալամյանի ցանկությունը միայն հավաքականի հետ հաջողության հասնելը չէր, այլ բասկետբոլի զարգացումը: Իսկ ինչ վերաբերվում է Քրիս Զոնսին, ապա նա կխաղա հավաքականում ապագայում: Եվ նա պայմանագիր է կնքել Վալենսիայի թիմի հետ»,-առանձնացրեց նա:

Ֆեդերացիան նաև Ռեքս Կալամյանի օգնությամբ մտադիր է մարզիչների վերապատրաստման հատուկ ծրագիր իրականացնել: Հայաստանում բասկետբոլով կանոնավոր զբաղվում են մոտ 3000 պատանիներ:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանն էլ հաղթանակը կապում է մարզիչների և թիմի ճիշտ աշխատանքի հետ:

«Մենք մեծ նախապատրաստական շրջան չունեցանք: Նախապատրաստական փուլն ընդամենը մի քանի շաբաթ տևեց: Մարզիչները շատ լավ կատարեցին իրենց աշխատանքը, և մարզումներն էլ իրենց արդյունքը տվեցին: Ի սկզբանե գնացել էի հաղթանակ համար, քանի որ 6 տարի առաջ բաց թողեցի մրցաշարը վնասվածքի պատճառով»,-ասաց բասկետբոլիստը:

Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։ Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում: Ընտրանին նման հաջողության հասել էր նաև 2016 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում