ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆլորենս Պրովենդիերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներ Սուրեն Կևորկյանը և Դավիթ Ալեքսանյանը, ինչպես նաև «Սոլջես էներջի»-ի գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՏԿԵ նախարարությունից, Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանդիպման կարևորությունը հատկապես երկու երկրների նախարարների կողմից ստորագրված Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակներում։
«Հունիսի վերջին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մեծ համաժողովը շատ լավ առիթ կհանդիսանա կողմերի հորիզոնական հարաբերությունները մեկ անգամ ևս ամրապնդելու և նոր գաղափարներ ներմուծելու համար»,- հավելել է փոխնախարարը։
Ֆլորենս Պրովենդիերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և պատգամավորը ակտիվ համագործակցում է տեղի հայերի հետ։
Անդրադառնալով ճանապարհային քարտեզին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության արդյունքում հաջողված և պլանավորված ծրագրերը, ինչպիսիք են Սյունիքի կայունությանը ուղղված միջոցառումները՝ համայնքային և արոտավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման հարցի լուծումը, Կապանի 151 շենքերի էներգախնայողության և Սյունիքում տուրիզմի խթանման ծրագրերը, Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերի փաթեթը՝ Վեդիի ջրամբարի կառուցումը, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ Երևանյան լճի ֆոտովոլտ կայանների կառուցումը, հանրային ներդրումների արդյունավետության գնահատման խորհրդատվական ծրագիրը և այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սպանդարյանի ջրամբարի կառուցման հնարավորությունները, ոլորտային զարգացմանն ուղղված ռազմավարությունը և ապագայի տեսլականները։