Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ
4 րոպեի ընթերցում
![Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1084696.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված կառավարության մասնաշենքի մոտ: Շենքի մոտ ոստիկանությունը վահաններով պատ էին կազմել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ՝ առաջին հերթին կոչ անելով ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել:
«Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենք չենք շրջափակում: Այս պահին մենք այլ նպատակ ունենք: Հիմա կոչ եմ անում, որ մեր պատգամավորները լինեն առաջին շարքում, իսկ ոստիկաններն ապահովեն պատգամավորների մուտքը շենք, որպեսզի նրանք հանդիպեն նախարարների հետ»,- մանրամասնեց Սաղաթելյանը:
ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության նախարարությունները:
Ոստիկանները ժամանակ խնդրեցին, որպեսզի պարզեն՝ կարո՞ղ են թույլատրել պատգամավորների մուտքը շենք: Որոշ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, հայտնեց, որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպելուց: Նա հավելեց, որ առաջիկա երեք օրերին շարունակելու են այն ընթացքը, որ սկսել են: «Իսկ այս պահին մենք այստեղ այլևս անելիք չունենք: Առաջարկում ենք երթով շարժվել այլ ուղղությամբ»,- ասաց Սաղաթելյանը:
Ընդդիմադիրներն այս պահին երթ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներով:
Ընդդիմադիրները նույն նպատակով մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին, սակայն շենք մտնել նրանց չհաջողվեց. Ոստիկանության հետ բախումներ եղան, ինչի հետևանքով 4 անձ, որոնցից երկուսը ոստիկաններ, հիվանդանոց էր տեղափոխվել:
Ընդդիմադիրները փորձելու են պարզել պետական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումները հայտարարության մեջ ներառված հետևյալ սկզբունքների վերաբերյալ.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: