Տնտեսություն

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան

2 րոպեի ընթերցում

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:

«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով՝ նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են:

Բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ:

2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում