Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:

–Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

–Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

–Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)` Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:

–Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ