Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 4-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկերին և ազդեցություններին ՀՀ տնտեսության վրա:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանն ու ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Տիկին Վիկտորինն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված՝ Կառավարության ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակությունն ու նպատակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում