Քաղաքականություն

ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները միշտ կարևոր են համարել, որ Արցախի իշխանությունները տեղեկացված լինեն ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանակցություններին, բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին, և հնարավորություններին և այդ սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել:

«ԼՂ կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը և հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, դա անտրամաբանական է և նման բան երևակայելը անհնար է»,-ասաց Փաշինյանը:

Նա բարձր գնահատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին շրջանում արված հայտարարությունը այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգը: «Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և դրան հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է : Դաժան , դժվար աշխատանքի արդյունքում տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին որի մասին բարձրաձայնում ենք, այն է Հայաստանի, Արցախի Հնարապետության ժողովրդի անգտանգության և իրավունքների երաշխավորումը»,-հավելեց վարչապետը:

Նա կարևոր համարեց , որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: «Մեր համատեղ աշխատանքի մի հսկայական հատվածը վերաբերվում է սոցիալ- տնտեսական ոլորտին և մեզ համար սկզբունքային է, որ Արցախում մարդիկ ապրեն, իրենց անվտանգ զգան Արցախում: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում և ուրախ եմ, որ Արցախի իշխանությունները այս օրակարգը կիսում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում