Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ հանձնախմբի ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։

Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին առաջիկա հինգ տարիների ընթացքում կրթության միջոցով տեղեկացնելու համար։

Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ասել է․

«Ինչպես ասում են, եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ ուսուցանելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ, ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ, քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցած տարի նախագահ Բայդենը հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն են: Հրամայական է, որ մենք այժմ ապահովենք ամերիկացիներին անհրաժեշտ ռեսուրսներ՝ ուսման միջոցով տեղեկացնելու այս վայրագության մասին»:

Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է․

«Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվությունը և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:

Մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․

«Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովումից հետո մենք այժմ պետք է ապահովենք, որ Ամերիկայի դպրոցական երեխաներին ուսուցանվեն հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեցիների, մարոնինտերի և այլ քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործության պատմական դասերն ու մատնանշվեն այսօրվա հետևանքները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս նախագիծն առաջ տանելու համար աշխատելու է կոնգրեսականներ Մալոնիի և Բիլիրակիսի, ինչպես նաև՝ նրանց միացած կոնգրեսականների հետ: Մենք հանձնառու ենք ապահովել արդար հանգուցալուծում Թուրքիայի հանցագործությունների բոլոր զոհերի համար՝ անցյալում և ներկայում»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հիշեցնում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակը՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։

Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել, որպեսզի այս նախագծի օրենսդրական ողջ գործընթացը Կոնգրեսի երկու պալատներում հնարավորինս սահուն ընթանա և ներկայացվի նախագահ Բայդենի հաստատմանը։

Հայերեն English Русский Türkçe

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը