Ըստ ռուս քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերություններում պակասում է ընդհանուր սահմանը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը պակասում է ընդհանուր միջպետական սահմանը: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում «Արմենպրես»-ին հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ ներկայացնելով իր տեսակետները Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
«Դուք հարցրեցիք՝ ի՞նչ է պակասում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, ես անկեղծ կասեմ՝ ընդհանուր սահմանն է պակասում: Մեզ պակասում է ընդհանուր սահմանը և ցամաքային հաղորդակցության ուղիներն են լրջորեն պակասում: Այս խնդիրն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը: Ինչպե՞ս լուծել այն՝ առայժմ ոչ մի կերպ», - պատասխանեց Սերգեյ Միխեևը:
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ցամաքային հաղորդակցության խնդիրը կարելի էր լուծել տարիներ առաջ, եթե այլ կերպ դասավորվեին Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, սակայն վրաց կառավարությունը մերժել է ռուսական կողմի առաջարկները:
Իսկ եթե խոսենք ներկա ժամանակների և ներկա իրադրության մասին, ապա ըստ Միխեևի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, և ավելի շատ լինի ինքնավստահությունն ու վճռականությունը փոխօգնության և անվտանգության հարցերում:
Սերգեյ Միխեևը նաև ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն ունեն և անձամբ իր համար Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են որպես քրիստոնեական երկու երկրների հարաբերություններ: «Շատ են այսրոպեական երևույթները՝ փող, կոնյուկտուրա, աշխարհաքաղաքականություն, բայց ես համոզված եմ, որ վերջիվերջո, բոլոր մեծ իրադարձությունները իրենց հիմքում ունենում են մետաֆիզիկական ետնախորք: Այդ իսկ պատճառով ես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին առաջին հերթին այդ տեսանկյունից եմ նայում», - նշեց ռուս քաղաքագետը:
Այս տարի ռազմավարական դաշնակիցներ Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի օրը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվել են ուղերձներով: Այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:
Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրես»-ին ասել էր, որ Հայաստանը եղբայրական և դաշնակից երկիր է Ռուսաստանի համար: Դեսպանը հատկապես կարևորել էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապերը և այն խորը ավանդույթներն ու արժեքները, որոնց վրա հիմնված են հայ-ռուսական հարաբերությունները:
Արամ Սարգսյան