Իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Վերադարձ» ֆիլմը երևանյան կինոթատրոններում է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը, որում զուգահեռ երկու պատմություն է ներկայացվում, երևանյան կինոթատրոններում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրեմիերային ընդառաջ լրագրողները հանդիպել են ստեղծագործական կազմին և պարզել՝ ֆիլմն իրական հենք ունի:
Ռեժիսոր Արման Գևորգյանն ընդգծում է՝ կինոնկարում ներկայացված մի պատմությունը մելոդրամ է երիտասարդ աղջկա և տղայի մասին, որոնք հանդիպում են Երևանում, իսկ մյուսը՝ սիրիաբնակ ընտանիքի մասին, որի անդամներից մի քանիսը պատերազմի հետևանքով ապաստան են գտնում Հայաստանում, իսկ հետո ՀՀ ԱԳՆ-ի միջոցով փորձում են գտնել ընտանիքի մյուս անդամներին, որոնք մնացել են Սիրիայում:

«Ֆիլմը սիրո մասին է. սեր մարդկանց, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ: Կինոնկարը դրական ու պայծառ ավարտ ունի»,-շեշտում է ռեժիսորը:
ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը:24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում, մինչև զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում:
«Առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում: Որպես երգահան և երգիչ, կարծում եմ, որ այնքան էլ հեռու չեմ այդ աշխարհից: Ըստ իս՝ կինոնկարը օտար երկրում հայ մնալու, հայ զգալու և հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է: Հույս ունեմ՝ կհավանեք: Գեղեցիկ կինոնկար է»,-նշում է նա:
Մելիքովի սիրած աղջկան՝ Մարիային մարմնավորած դերասանուհի Դիանա Մալենկոն միշտ ցանկացել է մի պահ չիմանալ հայերեն և օտարի աչքերով տեսնել Հայաստանը: Կերպարն այդ հնարավորությունը որոշ չափով ընձեռել է: «Գեղեցիկ երկիր է, սիրելու շատ առիթներ է տալիս»,-ժպիտով ասում է նա ու հավելում՝ կապ չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում. բոլոր հայերի սիրտը լեռներում է:

Սցենարիստ Հարություն Ղուկասյանը կինոնկարը բացառիկ է համարում, քանի որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են: «Սա պատմություն է սփյուռք-հայրենիք կապի մասին, հայորդու մասին, որը ապրում է արտերկրում, բայց այնքան ամուր է կապված Հայաստանին, որ դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության օղակը: Յուրին հայերեն երգեր էր գրել և մենք որոշել էինք սյուժե մտածել հոլովակի համար, սակայն նյութն այնքան շատ էր, որ ֆիլմ նկարահանեցինք»,-պատմում է սցենարիստը:
Կինոնկարը, որում հնչում է Յուրի Մելիքովի հեղինակած երաժշտությունը, նկարահանվել է Հայաստանում, Կիպրոսում: Զինվորական հատվածի նկարահանումները իրականացվել են Կիպրոսի ԶՈՒ-ի հետ համատեղ ու օգնությամբ։
Կինոնկարի սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Արման Գևորգյանը, օպերատորը Արման Աբովյանն է, գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է:
ֆիլմում նկարահանվել են Յուրի Մելիքովը, Սարգիս Գրիգորյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լևոնյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք: