Տնտեսություն

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ հայկական խաչմերուկ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ հայկական խաչմերուկ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցմանը, որի համար նախաորակավորման մրցույթը հայտարարվել է փետրվարի 17-ին:

Նա հավելեց, որ Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնեն նաև այդ հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում