Քաղաքականություն

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»

3 րոպեի ընթերցում

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պատասխան է այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, օրինագծի համահեղինակ Դավիթ Գալստյանը՝ խոսելով ընդունված փաստաթղթի կարևորության մասին:

«Այս օրինագծի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք առաջին հերթին փաստում ենք նախագծում նշված տարածքների հայկական լինելը: Եվ սա նաև պատասխան է Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացմանը: Այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ մենք տեր ենք մեր պատմամշակութային արժեքներին, որոնք այսօր ձևափոխվում, քանդվում և ոչնչացվում են Ադրբեջանի կողմից», - մեկնաբանեց արցախցի պատգամավորը:

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Փետրվարի 4-ին Արցախի ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներինԱդրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներիիրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»: Ընդունված օրենքով բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող՝«ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում*-ով,**-ով և***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ստորագրել էին Հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին, որը ստացավ «Շուշիի հռչակագիր» անվանումը: 2022 թ. փետրվարի 12-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»: Նույն օրը նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն է ստորագրել թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագիրը:

Արամ Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում