Տնտեսություն

Կառավարությունը 1 միլիարդ 608 միլիոն դրամ է հատկացրել 9 մարզի

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 միլիարդ 608 միլիոն դրամ է հատկացրել 9 մարզի

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզպետարաններին 2022 թվականի բյուջեից 1 մլրդ 608 մլն դրամ հատկացրեց՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նախագծով առաջարկվում է 46 համայնքների 62 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորել»,- ասաց Սանոսյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարի հատկացմամբ կիրականացվեն ասֆալտապատման, փողոցների հիմնանորոգման, գազաֆիկացման և այլ աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախագծին, հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա.

«Պետք է արձանագրեմ՝ շատ կարևոր է, որ այս առաջընթացը ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը: ԵԽԽՎ-ում նախորդ շաբաթ ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը: Այս հայտարարությունը քննարկվող նախագծի հետ կապ ունի այնքանով, որ, բարեբախտաբար, ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլև՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Երբեմն համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են՝ ի հեճուկս Կառավարության»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով` տպավորություն է, որ Կառավարությունը դիմադրում է, ընդդիմությունն էլ, հաղթահարելով այդ դիմադրությունը, բարեփոխումներ է անում:

«Ես կարծում եմ, որ այն համեստությունը, որ մենք այս ընթացքում ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հորդորեց մարզպետներին և կառավարության ներկայացուցիչներին, որ սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնեն հանրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում