Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին կտրամադրի 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում` ՀՀ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար

4 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին կտրամադրի 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում` ՀՀ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր հնարավորություններ Ամերիաբանկից` Փոքր և միջին ձեռնարկությունների համար. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում Ամերիաբանկին 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, և խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։

Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության և Շվեդիայի կառավարության կողմից:

Լրացուցիչ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։ Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:

ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս բաժնեմաս։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թայվան Բիզնես–ՎԶԵԲ Տեխնիկական համագործակցության հիմնադրամը և Միացյալ Նահանգները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում