Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում:

Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է:

Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնավուն: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։

Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամաբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվությունը․ այն նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով փորձել խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։ Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները