Քաղաքականություն

Ըստ վարչապետի` «3+3»-ը չպետք է կրկնի գոյություն ունեցող ձևաչափերը

2 րոպեի ընթերցում

Ըստ վարչապետի` «3+3»-ը չպետք է կրկնի գոյություն ունեցող ձևաչափերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ «3+3 ձևաչափում չքննարկվեն այն հարցերը, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «3+3» ձևաչափի ձևավորման հարցում ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը:

Ըստ վարչապետի` 3+3»-ը չպետք է կրկնի գոյություն ունեցող ձևաչափերը:

«Օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. այդ հարցը «3+3» ձևաչափում չենք քննարկում: Մյուսը`տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած. այդ հարցը ևս «3+3»-ում չպետք է քննարկվի: Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք առանցքային հարցեր են և չեն կրկնում արդեն գոյություն ունեցող ձևաչափերում: Հնարավո՞ր է այդպիսի հարցեր ձևակերպել` կապրենք կտեսնենք»,- ասաց վարչապետ:

Փաշինյանը շեշտեց ևս մի հանգամանք` կառավարության ծրագրում ընդգրկված՝ տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման հարցը: Նա նշեց, որ Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, սակայն, ցանկություն կա ավելի ակտիվացնելու տարածաշրջանային քաղաքականությունը:

«Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը: Այս պահին է սա է մեր դիրքորոշումը, հետագայում կերևա»,- եզրափակեց Փաշինյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ու նրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում