Հայաստան-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ «Արմենպրես»-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա՝ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին մասնակցելու նպատակով, և նրա հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին: Այդ մասին «Արմենպրես»-ին վստահեցրել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահի այցը կնպաստի Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ: Այդ պրոցեսն, ըստ ԱԳՆ-ի, ընթացքի մեջ է արդեն տևական ժամանակ:

«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ», - «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Հարց. ՀՀ նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն ինչ-որ կերպ կնպաստի՞ այդ երկրի և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը կամ այդ ուղղությամբ առաջընթացի հասնելուն կամ կարո՞ղ է լավ նախադրյալներ ստեղծել դրա համար:

Պատասխան. Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանի նկատմամբ, այնպես էլ գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը: ՀՀ-ն որդեգրել է տարածաշրջանի երկրների հետ առկա կապերի ամրապնդմանն ու խորացմանը, տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Այս տեսանկյունից՝ վստահ ենք, որ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցության նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին:

Հարց. Վերջին շրջանում Հայաստանի կողմից այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են, շփումներ եղե՞լ են սաուդական կողմի հետ կամ նախատեսվո՞ւմ է արդյոք դիվանագիտական ճանապարհով ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Պատասխան. Հարկ է նշել, որ վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ, հետևաբար այս գործընթացն առկա է տևական ժամանակ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ:

2021 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ էր-Ռիյադում մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին: Նախագահը ֆորումի շրջանակներում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ և նրա հետ զրուցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին: Նախագահի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա գնահատվեց իբրև պատմական աննախադեպ իրադարձություն՝ հաշվի առնելով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և այն փաստը, որ դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բարձր մակարդակի այցելությունն էր Հայաստանի Հանրապետությունից այդ երկիր:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան