Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

3 րոպեի ընթերցում

ՀՀ արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, և հայ-ռուսական բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Միևնույն ժամանակ, Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:

Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն»,- ասել է Միրզոյանը։

Նա համագործակցության կարևոր հարթակ է անվանել նաև Արևելյան գործընկերությունը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ:«Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցությունը»,- շեշտել է Միրզոյանը։

Նա հավելել է՝ Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն, կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում