Հայաստանը ՄԻԽ նստաշրջանում հանդես է եկել զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի պաշտպանության մասին հայտարարությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի Ժնևում ընթացող 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, hղում անելով hակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման և ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և կոչ է անում պետություններին պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններ կատարածներին։

«Դրանում մասնավորապես նշվում է, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների և հանրային գործիչների ռասայական կամ էթնիկ գերակայության մասին հայտարարությունները, որոնք սփռում են թշնամանք և նախապաշարումներ՝ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ, կամ պաշտպանում և արդարացնում նրանց հանդեպ բռնության կիրառումը:

Երկրները վերահաստատում են մարդասիրական կազմակերպություններից օգնություն ստանալու զոհերի իրավունքը, ինչպես սահմանված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի այլ համապատասխան գործիքներով, և կոչ են անում ապահովել այս օգնության անվտանգ և պատշաճ հասանելիությունը:

Նրանք շեշտում են, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Ըստ աղբյուրի՝ համատեղ հայտարարությունը հորդորում է իրականացնել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատաիրավական և այլ միջոցառումներ՝ բռնի անհետացման դեպքերի կանխարգելման, դադարեցման և պատժման նպատակով։

«Երկրները կոչ են անում ՄԱԿ համապատասխան մարմիններին ավելի ակտիվ դեր ստանձնել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում՝ ապահովելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լիարժեք հարգանքը զինված հակամարտություններից բխող բոլոր իրավիճակներում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։:

Հայերեն العربية English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ