Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները:
Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև:
Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները: