Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը ռազմաքաղաքական նպատակներով. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

ԴՈՒՇԱՆԲԵ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ, անընդունելի է համարում առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Դուշանբեից՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստում:

Փաշինյանը նախ շնորհավորեց ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացել է որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ: Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:

«Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Դրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև՝ ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա: Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից:

«Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը դրա համար խիստ անհրաժեշտ համարեց, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց՝ տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր: Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն՝ իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ է անում, առաջին հերթին իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին