Քաղաքականություն

Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը

2 րոպեի ընթերցում

Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված քննադատություններ տեղին չի համարում: Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Արփինե Դավոյանը նշեց, որ քննադատողների մեծ մասը տեղյակ չէ, թե Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջ կազմով և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել անցած 2.5 տարվա ընթացքում:

«Դա պատճառը մեկն է: Մեր հարգելի գործընկերները ԱԺ գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով, որ մամուլում տեղ են գտել տարատեսակ հրապարակումներ՝ անձնական դիրքորոշումներով, որոնք կապ չեն ունեցել հանձնաժողովի աշխատանքների հետ: Մեր գործընկերները շատ են խոսում ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիաների մասին: Ուրախ եմ , որ այդքան կարևորություն եք տալիս դրան, սակայն չեմ կարծում, որ դուք տեղյակ եք եղել, թե մեր հանձնաժողովներն ինչ գործունեություն են ծավալել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արփինե Դավոյանը:

Պատգամավորն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունից նախորդ օրը հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց, պատերազմի ժամանակ քաոս և խառնաշփոթ էր ստեղծված: Արփինե Դավոյանը նշեց, որ այդ քաոսն ու խառնաշփոթը ստեղծված են որոշ մարդկանց կողմից ուղղորդված հրապարակումների շնորհիվ:

«Ասում են, թե մեզ մոտ ինքնաքննադատություն չկա: Այս խորհրդարանում ու կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի կառավարությունում: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք ու խոսել ենք մեր սխալների մասին»,-ասաց Արփինե Դավոյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում