Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին:

Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում ապօրինաբար գրավվել են»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին Հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը:

Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք նրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,- ասաց նա:

«Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն, կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,- պատասխանեց Ռուբինյանը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա