Փաշինյանը շեշտում է՝ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

«Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների: Մեջբերման ավարտ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։

«Համանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարություննու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին: Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նախանշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский Türkçe

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները

Ադրբեջանի քաղաքացին մոլորվելու արդյունքում հայտնվել է Հայաստանի տարածքում. ԱԱԾ